Սիրիայի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ,  սակայն որքան շուտ, այնքան լավ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Որքան շուտ, այնքան լավ, մենք ելնում ենք դրանից։ Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, սակայն դեռ վաղ է ասել, քանի որ վերջնական պատասխան չենք ստացել մեր գործընկերներից»,- լրագրողներին ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախապատրաստվում է Սիրիայի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, համաձայնեցվում են հարմար ամսաթվերը, իսկ Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։

Ապրիլի 3-4-ը այս երկրների փոխարտգործնախարարների մակարդակով տեղի են ունեցել քառակողմ խորհրդակցություններ, քննարկվել է այս ձեւաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման նախապատրաստումը։