Բժիշկները մեկ շաբաթ հետո ամբուլատոր բուժման են ուղարկել Վորոնեժում 19-րդ հարկից ավտոմեքենայի վրա ընկած եւ գրեթե վնասվածքներ չստացած տղամարդուն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է շրջանի առողջապահության վարչության ներկայացուցիչը։

Ընկնող տղամարդուն պատկերող տեսանյութը տեղի թելեգրամ-ալիքներում հայտնվել է ապրիլի 3-ի գիշերը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են փրկարարները տղամարդուն հանում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից, որտեղ էլ նա, հավանաբար, ընկել էր։ Տղամարդը ոտքի է կանգնում եւ, երգելով Ալլա Պուգաչովայի «Любовь, похожая на сон» երգից մի տող, մոտենում, ամենայն հավանականությամբ, շտապօգնության մեքենային։

Քաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ միջադեպը տեղի է ունեցել անցած երկուշաբթի գիշեր Կոլեսնիչենկոյի փողոցում։ 19-րդ հարկից մեքենայի վրա ընկած տղամարդուն (1982թ. ծնվ.) տեղափոխել են հիվանդանոց շտապօգնության մեքենայով։ Ինչպես պատմել է Վորոնեժի թիվ 1 շտապ բուժօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իգոր Բանինը, մեքենայի վրա ընկած տղամարդը վնասվածքներ գրեթե չի ստացել։

Քննության տվյալներով՝ տղամարդը 19-րդ հարկից ընկել է աղջկա հետ վեճից հետո։ Արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի տերը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։