Բոսթոնի կերպարվեստների թանգարանը (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) որպես բարի կամքի դրսեւորում Թուրքիային է վերադարձրել «Հյուծված Հերակլեսը» արձանի վերին հատվածը, որի շուրջ բանակցություններ էին տարվում շուրջ 20 տարի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արձանի վերին հատվածը անցյալ գիշեր տեղափոխվել է Թուրքիա Էրդողանի իսկ օդանավով:
Թուրքական կողմը բազմիցս հայտարարել էր, որ արձանը գողացել են 1980 թվականին, Միջերկրական ծովափնյա շրջանում գտնվող Պերգե պեղումների վայրից: Այնտեղ թուրքական Անթալիա ծովափից ոչ հեռու գտնվել են հին հունական քաղաքի ավերակներ: Այնուհետեւ արձանն ավազակախմբի կողմից տեղափոխվել է ԱՄՆ: 1980 թ. Պերգեում հայտնաբերված արձանի ստորին հատվածը պահվում է Անթալիայի թանգարանում: Արձանը թվագրվում է հազար 9 հարյուր տարով: Դա անտիկ դարաշրջանի ամենահայտնի արձաններից է:




























