Սաուդյան Արաբիան եւ Սիրիան կողմ են, որպեսզի սիրիական պետությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը։ Այս մասին նշվել է համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի եւ Սիրիայի ԱԳՆ-ի ղեկավար Ֆեյսալ Միկդադի՝ չորեքշաբթի Ջիդայում տեղի ունեցած բանակցություններից հետո։
«Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է աջակցել սիրիական պետական ինստիտուտներին, ընդլայնել նրանց վերահսկողությունը սիրիական տարածքի հանդեպ՝ զինված կազմավորումների ներկայությունը եւ դրսից Սիրիայի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու համար»,- ընդգծվել է ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում, որը մեջբերել է Մամուլի սաուդյան գործակալությունը։ Բանակցությունների ընթացքում, նշված է փաստաթղթում, նախարարները «քննարկել են այն ջանքերը, որոնք անհրաժեշտ են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, տարածքային ամբողջականության, անվտանգության, կայունության եւ արաբական ինքնության պահպանման պայմաններում»։ Նշվել է ահաբեկչության, «դրա բոլոր ձեւերի եւ դրսեւորումների» դեմ պայքարի կարեւորությունը։
Հայտարարությունում ընդգծվել է, որ «համապարփակ քաղաքական կարգավորման ձեռքբերումը, որը կապահովի ազգային հաշտություն, կնպաստի Սիրիան արաբական միջավայր վերադարձնելուն եւ արաբական աշխարհում նրա դերը վերականգնելուն»։
Ջիդայի բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են [Սիրայում գոյություն ունեցող] հումանիտար խնդիրների լուծման, Սիրիայի բոլոր շրջաններ օգնություն հասցնելու, սիրիացի փախստականների եւ տեղահանվածների վերադարձի համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ սիրիական բոլոր տարածքներում կայունության հաստատմանը նպաստող լրացուցիչ միջոցների ստեղծման անհրաժեշտության» մասին։ Նախարարները ոջունել են «երկու երկրներում հյուպատոսական ծառայությունների եւ երկու պետությունների միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը»,- ընդգծվել է ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում։





























