Հայաստանի պատվիրակությունը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-28-ին կգտնվի Գերմանիայում: Այցը կազմակերպվել է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի եւ Բավարիայի կրթության նախարարության հրավերով:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարվերդյանը:Այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության եւ գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաեւ Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀՊԱՀ-ի միջեւ 2000 թվականից ձեւավորված համագործակցության արդյունքները` կապված «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ:
Բավարիայի օրենսդիր եւ գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաեւ հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:




























