Երկար ընդմիջումից հետո ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մասնակցում են ԱԺ նիստին, որտեղ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում մի քանի անգամ են կիրառել բոյկոտի մարտավարությունը: Մասնավորապես, 2021-ի նոյեմբերի 16-ին նրանք հայտարարել են, որ բոյկոտում են ԱԺ նիստերի աշխատանքը, քանի որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

Նրանք հայտարարել էին, որ նիստերի դահլիճ կվերադառնան այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի: Այդ ժամանակվանից ընդդիմադիրները չեն մասնակցել այն նիստերին, որտեղ ելույթ է ունեցել վարչապետը կամ պատասխանել է ներկաների հարցերին;

Արդեն 2022-ի մայիսին, երբ ընդդիմություն սկսեց Դիմադրության շարժումը, ընդդիմադիր խմբակցություններն ընդհանրապես դադարեցրին մասնակցությունը ԱԺ աշխատանքներին եւ վերադարձան ԱԺ միայն նախորդ տարվա վերջին:

Սակայն վերադարձից հետո անգամ ընդդիմադիրները չէին մասնակցում այն նիստերին, որտեղ ներկա էր լինում Փաշինյանը: