2022թ. Հայաստանում թանգարաններ է այցելել ավելի քան 1 մլն մարդ։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Թանգարանների այցելուների թիվը, նախարարի խոսքով, կազմել է 1,078 մլն մարդ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան 2021թ.։ «Միեւնույն ժամանակ, թանգարանների տոմսերի գինը չի բարձրացել, այլ միայն իջել է։ Եղել են թանգարաններ, որոնց մուտքն արժեցել է ընդամենը 60-100 դրամ»,- ասել է Անդրեասյանը։
Այս առնչությամբ իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել գնային այդ քաղաքականությունից։ «Մինչեւ 12 տարեկան երեխաների համար մուտքը կլինի անվճար, իսկ ուսանողներին եւ քաղաքացիների որոշակի կարգի զեղչեր կտրամադրվեն։ Ընդ որում՝ մեկ տոմսի արժեքը չպետք է 1 հազար դրամից ցածր լինի»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, հաջորդ տարի նախատեսվում է ներդնել թանգարանների տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ։




























