Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ռազմական գերատեսչությունների եւ հետախուզության ղեկավարները երեքշաբթի օրը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Երեքշաբթի Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի պաշտպանության նախարարների եւ հետախուզության ղեկավարների հանդիպումը։ Մեր նպատակն է առկա հարցերի շուտափույթ լուծումը բանակցությունների միջոցով եւ տարածաշրջանում խաղաղության ու հանգստության ապահովումը»,-TRT հեռուստաալիքի եթերում ասել է թուրք նախարարը։ 

Աքարի խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների արդյունքում սպասվում են մի շարք դրական իրադարձություններ: Մանրամասները նա չի նշել։

Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ տեղի են ունեցել Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների խորհրդակցությունները։