«Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի ներկրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հինգշաբթի, կայանի հրապարակում։ Կայանը Թուրքիայում կառուցում է «Ռոսատոմը»։
Նախատեսվում է, որ արարողությանը մասնակցելու են ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիսավոր արարողությանը մասնակցել տեսակապի ռեժիմով։
Ինչպես ապրիլի 26-ի երեկոյան տեղեկացրել էր կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից պատգամավոր եւ կուսակցության փոխնախագահ Էրքան Քանդեմիրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արարողությանը կմասնակցի օնլայն ձեւաչափով։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Էրդողանն ապրիլի 26-ին հայտարարել էր, որ որոշել է չեղարկել բոլոր հանրային միջոցառումներն այդ օրը՝ բժիշկների խորհրդով։
Այն բանից հետո, երբ վառելիքը կայան կհասցվի, «Աքքույու» կայանը ձեռք կբերի միջուկային էներգետիկայի օբյեկտի կարգավիճակ։ Փետրվարին ԱԷԿ-ի շինհրապարակ այցելության ընթացքում «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նշել էր, որ 2023թ. երրորդ եռամսյակում առաջին էներգաբլոկում նախատեսվում է ավարտել ընդհանուր շինարարական մոնտաժային աշխատանքները եւ անցնել թողարկման կազմակերպմանը։
Նշենք, որ Էրդողանը չեղարկել է ապրիլի 27-ին նախատեսված հեռուստատեսային հարցազրույցը թուրքական չորս հեռուստաալիքներին։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի նախագահը պետք է ուղիղ եթերով հարցազրույց տար Euro D, ATV Europe, NTV Europa եւ TRT World հեռուստաալիքներին։





























