Wizz Air-ը հունիսի 26-ից նոր ուղղությամբ չվերթներ կիրականացնի՝ Երեւան-Պրահա-Երեւան երթուղիով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Վալերիա Բրագարենկոն։
Ավիաընկերությունը Հայաստանի հետ համագործակցությունը սկսել է 2020 թ-ից՝ Վիեննա-Երեւան չվերթով։ Այդ ժամանակվանից ի վեր փոխադրել են ավելի քան 400 հազար ուղեւոր։ Wizz Air-ը Երեւանից թռիչքներ է իրականացնում դեպի 8 երկիր։
Երթուղիները հետեւյալ ուղղություններով են՝ Վիեննա, Լառնակա, Միլան, Հռոմ, Վենետիկ, Աբու Դաբի։ Ապրիլի 30-ից սկսած իրականացվում են նաեւ երկու նոր երթուղիներով չվերթներ՝ Սոֆիա եւ Դորտմունդ ուղղություններով։ Երեւանից Պրահա չվերթները կիրականացվեն շաբաթական երկու օր՝ երկուշաբթի եւ ուրբաթ։
«Նոր չվերթներ Երեւան բերելը կխթանի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Օգտագործելով ցածր գներով այս բիզնես մոդելը՝ մենք կարող ենք նպաստել, որ մարդիկ իրականացնեն մատչելի ուղեւորություններ դեպի Երեւան եւ հակառակը։ Մեր ամենամատչելի տոմսերը սկսվում են 24,99 եվրոյից, նման գներով տոմսերը պետք է հնարավորինս շուտ ամրագրել, քանի որ դրանք շատ շուտ են սպառվում»,-ասում է Բրագարենկոն՝ հավելելով. «Սա մեզ համար նոր շուկա է համարվում, եւ մենք շատ ուրախ ենք տեսնել այստեղի զարգացումները։ Հույս ունենք, որ մեր հայ ուղեւորներն էլ ավելի կշատանան։ Մենք նաեւ այլազգիներին հնարավորություն ենք տալիս տեսնելու Հայաստանը։ Վատահ եմ՝ այս երկիրը շատ բարիքներ ունի աշխարհին առաջարկելու»։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր հերթին ասաց, որ Wizz Air-ի հետ համագործակցությամբ նպատակ ունեն զարգացնել Եվրոպայից դեպի Հայաստան հետաքրքրությունը․ «Մենք շատ ուրախ ենք Wizz Air-ի հետ մեր համագործակցության համար։ Շատ կարեւոր է նոր ուղղություններ ունենալը։ Եվրոպական շուկան մեզ համար շատ հետաքրքիր է, եւ այս պահին աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք զարգացնել Եվրոպայից դեպի Հայաստան հետաքրքրությունը։ Wizz Air-ի հետ մեր աշխատանքն այսքանով չի վերջանալու, մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որպեսզի լինեն էլ ավելի շատ ուղղություններ եւ նոր թռիչքներ դեպի Հայաստան»։
Wizz Air հունգարական ավիաընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին։ Ընկերությունն ունի ավելի քան 950 երթուղի, մոտ 200 նպատակակետ եւ 50-ից ավել երկրներ։ 2022-ին Wizz Air-ն ավելի քան 45 միլիոն ուղեփոխադրում է իրականացրել։ Ընկերությունը չունի բիզնես կլաս, քանի որ որդեգրել է՝ «Բոլոր ուղեւորները հավասար են» սկզբունքը։ Ըստ Վալերիա Բրագարենկոյի՝ նախատեսում են երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երեւանից։





























