Երեւանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նշենք, որ վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն էր։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը եւ բողոք էր ներկայացրել դատարան:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
2022 թվականի նոյեմբերին Վճռաբեկ դատարանն այս անգամ որոշել է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Դավիթ Մելքոնյանի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ Սեդրակ Քոչարյանը չէր կարող իր անմեղության կանխավարկածի խախտման համար իրավական պաշտպանություն հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ։ Քանզի, ըստ վճռաբեկ պալատի, հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տրամադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն։




























