Ռուսաստանում միգրացիայի հարցերում դեռ շատ խնդիրներ կան, սակայն զարմանալի է, որ հակառակորդներն այստեղ էլ փորձում են խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, թեեւ իրենք շատ խնդիրներ ունեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեկ այլ կարեւոր ուղղություն է միգրացիան՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը երկրում ազգամիջյան հարաբերությունների մակարդակի եւ որակի վրա։ Իհարկե, այստեղ շատ խնդիրներ կան, մենք դա շատ լավ հասկանում ենք եւ տեսնում ենք բոլոր այդ խնդիրները»,-ասել է նա։

«Բայց այստեղ էլ մեր, այսպես կոչված, հակառակորդները փորձում են մեզ խանգարել, լրացուցիչ խնդիրներ ստեղծել։ Տարօրինակ է, երբ նայում եմ, զարմանում եմ: Նրանք եւս բազմաթիվ խնդիրներ ունեն։ Նրանք բացարձակ չեն կարողանում հաղթահարել դրանք։ Մարդիկ, ովքեր գալիս են նրանց մոտ եւ ապրում են նրանց երկրների տարածքում, չեն զգում իրենց այդ պետությունների քաղաքացիներ, ապրում են այնտեղ տարիներ շարունակ եւ չեն տիրապետում տեղական լեզվին: Պարզապես զարմանալի է, բայց դա փաստ է»,-ասել է Պուտինը։

«Այստեղ եւս փորձում են խնդիրները խորացնել, որոնք, իսկապես, կան։ Բայց մենք հասկանում ենք, որ դրանք կան։ Մենք գիտենք՝ ինչ անել։ Եվ չնայած այդ խնդիրների բարդությանը, պետք է անընդհատ աշխատել դրանց լուծման ուղղությամբ»,-հավելել է Պուտինը։