Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, քննարկել են գիտական ներուժի առևտրայնացման մեխանիզմներին և գիտություն-տնտեսություն համակարգված կապին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ են կատարել այն գործիքակազմին, որը կապահովի պոտենցիալ առևտրային արժեք ներկայացնող գիտական արդյունքի հայտնաբերումից մինչև տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացների իրականացումը։
Կողմերը խոսել են նաև գյուտերի և տեխնոլոգիաների առևտրայնացման շրջանակներում բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտների զարգացման առաջնահերթությունների մասին, մասնավորապես, անդրադարձել են գիտական հաստատությունների այլընտրանքային ֆինանսավորման ապահովմանը, որի արդյունքում այդ հաստատություններն ավելի ակտիվ կզբաղվեն կիրառական հետազոտություններով, ինչն էլ իր հերթին կավելացնի տնտեսական աճի ներուժը։





























