ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ։
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կան օրենքներ ու եթե մենք ապրում ենք իրավական պետության մեջ, ապա պետք է առաջնորդվենք օրենքի գերակայությամբ, բայց գրված օրենքներից ու հաստատված օրենքներից, կարծում եմ, շատ ավելի կարևոր են չգրված ու բարոյական օրենքները, որոնցով բոլորս պետք է առաջնորդվենք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Տոնոյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք զավակներին հայրենիքի պաշտպանության գործին զոհաբերած մարդկանց հետ։
«Պետք է հասկանալ այն մայրերի, այն ծնողների հոգեվիճակը, որոնք այս պահին ապրում ու վերապրում են այս ամենը»,- նշեց նա։
ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել ու պետք է հասկանալ նրանց հոգեվիճակը։
«Ես չեմ արդարացնում բռնությունը, բայց, կրկնում եմ, մենք պետք է առաջնորդվենք ավելի շատ չգրված օրենքներով։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր դատական համակարգը ականջալուր կլինի հանրության կոչին՝ առաջնորդվել բարոյական օրենքների ուսումնասիրմամբ, առաջնորդվել խղճի առաջնահերթությամբ ու որևէ դեպքում չկալանավորել տիկին Գայանեին»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Նա կարծում է, որ այս ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ պետք է համախմբվել։
Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ Շենգավիթի դատարանի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Նրանք հայտարարել էին, որ առնվազն 1 ժամ փակ են պահելու պողոտան։ Ծնողները պահանջում են դատարանից ազատ արձակել զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ավարտվել է, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։





























