Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը համապատասխանում է ազգային քաղաքականության նպատակներին եւ բխում է երկրի շահերից։ Այսպես է նա մեկնաբանել մայիսի 19-ին Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը, հաղորդում է «Грузия Online»-ը։

«Իմ նպատակն է փրկել մեր երկիրը, պաշտպանել այն, պաշտպանել մեր երկրի բնակչության շահերը։ Մենք շատ մանրամասն բացատրեցինք, որ պատժամիջոցների տակ գտնվող ոչ մի ավիաընկերություն եւ ինքնաթիռ չի թռչի Վրաստան։ Դրանով ամեն ինչ ասված է։ Ես Իսլանդիայում հանդիպել եմ եվրոպական առաջնորդների հետ եւ բացատրել նրանց, որ դա բխում է մեր ազգային շահերից»,-ասել է նա։

Պատասխանելով Արեւմուտքի եւ երկրի ներսում քաղաքական ընդդիմախոսների քննադատությանն այն մասին, որ Թբիլիսիի որոշումները հակասում են ԵՄ քաղաքականությանը, որին Վրաստանը ձգտում է, Ղարիբաշվիլին հասկացրել է, որ  քանի որ երկիրը Եվրամիության անդամ չէ, նա պարտավոր չէ հետեւել նրա ուղուն:

«Մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, բոլոր քայլերը ճիշտ ենք անում։ Մենք բացատրում ենք մեր եվրոպացի ընկերներին, ես անձամբ զրույց եմ ունեցել եւ բացատրել փաստարկներն ու դրդապատճառները: Եվրամիության քաղաքականությանը ենթարկվելու համար մենք պետք է ԵՄ անդամ երկիր լինենք։ Այսօր մենք Եվրամիության անդամ երկիր չենք։ Առայժմ։ Եվ դրա համար տարիներ կպահանջվեն»,-եզրափակել է Ղարիբաշվիլին։

Հարկ է նշել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրել է Վրաստանը, նախատեսում է երկրի արտաքին քաղաքականության համաձայնեցում Եվրամիության կուրսի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը միության մեջ չի մտնում: