Մեքսիկան ուրբաթ հայտարարել է, որ օլմեկների հնագույն քաղաքակրթության 2500-ամյա հսկայական քարե քանդակը Միացյալ Նահանգները վերադարձրել է Մեքսիկային, տեղեկացրել է The Associated Press-ը։

«Երկրի հրեշը» քանդակը, որի բարձրությունը մոտ երկու մետր է, ըստ երեւույթին, հրեշի բաց երախ է, որը բավական մեծ է մարդկանց կուլ տալու համար եւ կարող է խորհրդանշել մուտքը ստորերկրյա աշխարհ։

Փորձագետները նշել են, որ քանդակը կարեւոր է այն պատճառով, որ պատկերացում է տալիս օլմեկների տիեզերաբանական տեսլականի մասին, օլմեկները համարվում են մեզոամերիկացիների մշակույթը հիմնողները։

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը տեղեկացրել է, որ քանդակը Կոլորադոյի նահանգի Դենվեր քաղաքում հանձնվել է Մեքսիկայի հյուպատոսությանը։

Փորձագետների կարծիքով՝ քանդակը գաղտնի հանվել է 1960-ականներին Չալկացինգոյից (ավերակների վայր Մեխիկոյից հարավ)։