Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետական դավաճանության համար գիտնականների կալանավորումների միտում չկա, իսկ հատուկ ծառայությունները «իրենց գործառույթներն են իրականացնում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին, հաղորդում է «Գազետա»-ն։
«Այստեղ ես ոչ մի միտումների մասին եզրակացություններ չէի անի։ Մեր հատուկ ծառայությունները կատարում են իրենց գործառույթները, նրանք պաշտպանում են պետական գաղտնիքները եւ վերահսկում են իրավիճակը պետական դավաճանության կասկածանքների համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Նովոսիբիրսկի գիտնականների կոչը՝ ի պաշտպանություն իրենց կալանավորված գործընկերների։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը քրեական գործ էր հարուցել ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի տեսական եւ կիրառական մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Մասլովի դեմ, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
Անցյալ տարվա հուլիսի 2-ին Մասլովը կալանավորվել էր պետական դավաճանության կասկածանքով։ Այդ ժամանակվանից նա գտնվում է կալանքի տակ։ Գիտնականի գործը քննել է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
2022 թվականի օգոստոսի 5-ին պետական դավաճանության գործով կալանավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի տեսական եւ կիրառական մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիպլյուկը։




























