Դուք և Մնացական Մարտիրոսյանը նախորդ իշխանությունների ժամանակ եք նշանակվել դատավոր և, կարող եմ ասել, որ դա նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց, որ Արմեն Դանիելյանն իր կենսագությունն այնպես էր ներկայացնում, «քիչ էր մնում աչքերն արցունքներով լցվեին»։
«Այնպես էիք ներկայացնում, կարծեք, մենք Հայաստանում չենք ապրում, մասնագիտական հանրույթի, փաստաբանների, ձեր գործընկերների հետ չենք շփվում, ծանոթ չենք ձեր 20 տարվա գործունեությանը։ Դուք այնպիսի գովեստի խոսքեր էիք հնչեցնում ձեր հասցեին։ Խոսում եք ձեր օրինակելի կերպարի մասին: Էդ ո՞ր օրինակելի, պարոն Դանիելյն, որ տարբեր իշխանությունների ժամանակ կողմերից մեկին չեք լսո՞ւմ: Ով օրվա իշխանություն է, փորձում եք հարմարվել այդ օրվա իշխանություններին։
Հավասարաչափ ասում եմ՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ էիք փորձում այդ օրվա իշխանություններին հաճոյանալ, այս իշխանություններին եք հիմա փորձում հաճոյանալ, ինչի պետք է ձեզ, ինչպես դուք ասացիք, նման բարձր պաշտոնի ընտրենք, ձեր ո՞ր արժանիքի համար։ Ձեր ո՞ր արժանիքի համար դուք պետք է ընտրվեք»,- հարցրեց Ագնեսա Խամոյանը։
Արմեն Դանիելյանն ասաց, որ իր ելույթում ներկայացրել է այն պատճառները, թե ինչու է հավակնում այդ պաշտոնին։




























