Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն քննադատել է Վրաստանը որպես հակաեվրոպական երկիր ներկայացնելու փորձերը՝ Հանրապետության անկախության օրը Եվրամիության դրոշի բացակայության պատճառով, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»: Նրա խոսքով՝ դա չի խանգարի երկրին միանալ եվրոպական ընտանիքին։

«Մարդիկ, որոնց նյարդայնացնում է Վրաստանը, նրա անկախությունն ու համապատասխան սիմվոլիկան, խափանել են առաջադրանքը նաեւ մարզերում, որպեսզի փչացնեն Անկախության օրը Եվրամիության դրոշի մասին բուռն շահարկումներով: Այսինքն՝ ԵՄ սիմվոլիկան ներառել Վրաստանի դեմ հերթական վնասակար եւ նողկալի արշավում։ Վրաստանն անպայման կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ՝ վրացական մշակույթի եւ ավանդույթների, ազգային ինքնության պահպանմամբ եւ անկախության հետագա ամրապնդմամբ, այլ ոչ առանց դրա»,-նշել է Մդինարաձեն։

Նա նշել է, որ իշխանության հակառակորդներին չի հաջողվի վնաս հասցնել Վրաստանին՝ հանուն եվրոպականացման։ Նա նաեւ հավելել է, որ երկրում չի անցնի «հանուն ժողովրդավարության ֆաշիզմը»։