Երեքշաբթի անօդաչուների գրոհը Մոսկվայի եւ Մերձմոսկվայի դեմ Կիեւի պատասխանն է ռուս զինվորականների կիրակնօրյա արդյունավետ հարվածների, որոնք հասցվել են «որոշումների ընդունման կենտրոններից մեկին», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Լիովին հասկանալի է, որ խոսքը Կիեւի վարչակարգի պատասխան գործողությունների մասին է մեր բավական արդյունավետ հարվածներին՝ հասցված որոշումների ընդունման կենտրոններից մեկին։ Այդ հարվածը հասցվել է կիրակի»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովը անպատասխան է թողել այն հարցը, թե այդ գրոհից հետո ինչի պետք է պատրաստ լինեն ռուսաստանցիները՝ նշելով, որ ամեն ինչ այդ հարցի վերաբերյալ, ինչ կարող էր, արդեն ասել է։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ անօդաչուների գրոհը Մոսկվայի դեմ, ինչպես նաեւ ռուսական այլ շրջանների գնդակոծումը հաստատում է այն նպատակներին հասնելու անհրաժեշտությունը, որոնք դրված են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։

Պեսկովը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի վաղ է սկսել աշխատանքային օրը եւ ուղիղ ռեժիմով տեղեկություն է ստացել անօդաչուների գրոհի մասին։

«Բոլորն աշխատել են հավուր պատշաճի։ Լավ են աշխատել։ Լավ է աշխատել նաեւ ՀՕՊ համակարգը»,- ընդգծել է նա։

Նա նաեւ նշել է, որ Վլադիմիր Պուտինը ներկայում ՌԴ քաղաքացիներին դիմելու պլաններ չունի՝ Մոսկվայի դեմ անօդաչուների գրոհի հետ կապված, քանի որ ոչ մի սպառնալիք մայրաքաղաքի եւ մայրաքաղաքային շրջանի բնակիչների համար ներկայում չկա։