Հինգշաբթի Եվրախորհրդարանը կասկածի տակ կդնի հաջորդ տարի Եվրամիությունում նախագահելու Հունգարիայի կարողությունը՝ վկայակոչելով օրենքի գերակայության հետ կապված երկրի խնդիրները, նշվում է խորհրդարանական բանաձեւի նախագծում, հաղորդում է Reuters-ը:
«Խորհրդարանը հարց է հնչեցնում է, թե ինչպես Հունգարիան կարող է պատշաճ կերպով կատարել այդ խնդիրը 2024 թվականին՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրության եւ Եվրամիության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված արժեքներին, ինչպես նաեւ անկեղծ համագործակցության սկզբունքին անհամապատասխանությունը»,- նշվում է բանաձեւի նախագծում, որը կընդունվի հունիսի 1-ին։
ԵՄ բոլոր երկրների կառավարությունների կողմից 2016 թվականին համաձայնեցված օրացույցի համաձայն՝ Հունգարիան պետք է նախագահի դաշինքը 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Թեեւ օրացույցը նախկինում նույնպես փոխվել է նոր երկրների անդամակցության պատճառով, օրացույցի փոփոխությունը՝ հիմնվելով օրենքի գերակայության հետ կապված երկրի խնդիրների վրա, աննախադեպ կլիներ:
Հունգարիան երկար ժամանակ տարաձայնություններ ունի ԵՄ-ի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կոռուպցիան, դատական անկախության բացակայությունը, ակադեմիական ազատությունների եւ ԼԳԲՏ համայնքի իրավունքների խախտումները: ԵՄ-ն իր մտահոգությունների պատճառով սառեցրել է Բուդապեշտի միլիարդավոր եվրոյի ֆինանսավորումը:
Հունգարիայի կառավարությունը մի քանի տարի է, ինչ բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ այս հարցերի շուրջ, սակայն բանակցությունները գրեթե առաջընթաց չեն գրանցել:
Հունգարիայի նախագահությունը հետաձգելու կամ չեղարկելու նպատակով ԵՄ նախագահության օրացույցը փոխելու մասին որոշումը ԵՄ անդամ այլ երկրների կառավարությունների ձեռքում է։





























