ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինայում հակամարտության սրում եւ դրա՝ «Արեւմուտքի դեմ պատերազմի» վերաճում՝ Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի հարձակումների պատճառով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Կարծում եմ՝ բոլորս կարող ենք հասկանալ, որ եթե մենք Պուտինին տանք այն, ինչի մասին նա հայտարարում է, այն է՝ պատերազմ Արեւմուտքի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դեմ, ապա դա շատ ավելի մեծ տառապանքների կհանգեցնի եվրոպական մայրցամաքում»,-ասել է նա։
Քիրբիի խոսքով՝ Ուկրաինան հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ իրեն փոխանցված ամերիկյան զենքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար:
Մոսկվայի եւ Մերձմոսկվայի վրա անօդաչուներով հարձակումը տեղի է ունեցել մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հինգ անօդաչու հաջողվել է խոցել, իսկ երեքը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով եւ կորցրել կառավարումը: Տեղի ունեցածի հետեւանքով աննշան վնասվել են մի քանի շենքեր, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ինչպես գրում է Bloomberg-ը, Կիեւի դաշնակիցների կարծիքները տեղի ունեցած հարձակման վերաբերյալ տարբեր են։ Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն եւ դրա համար «ռազմական ուժ կիրառել» իր տարածքից դուրս: Ֆրանսիան, իր հերթին, պաշտպանում է Կիեւի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն կարծում է, որ իր փոխանցած ռազմական օգնությունը չպետք է օգտագործվի Ռուսաստանի դեմ հարձակումների համար։ Այս մասին Bloomberg-ին ասել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան: Իսկ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը նշել է, որ Գերմանիան «սեփական եզրակացություններ չունի Մոսկվայի վրա հարձակումների վերաբերյալ»։ «Ըստ էության, միջազգային իրավունքը ենթադրում է, որ Ուկրաինան կարող է պաշտպանվել հարձակումներից»,-ասել է նա։





























