Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ Շեբեկինո քաղաքը անցած գիշեր ենթարկվել է կենտրոնացված գնդակոծության «Գրադներից», վիրավորվել է հինգ խաղաղ քաղաքացի, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Շեբեկինոն չդադարող կրակի տակ է. գիշերը ժամը 12-ին, ժամը 3.40-ին եւ 5.15-ին Ուկրաինայի ԶՈւ-ն «Գրադներից» գնդակոծել է քաղաքի կենտրոնն ու արվարձանները։ Նախնական տվյալներով՝ կա հինգ տուժած։ Տղամարդը՝ ոստիկանության աշխատակից, ունի ուսոսկրի բաց կոտրվածք։ Եվ երկու կանայք ունեն վերին եւ ստորին վերջույթների բեկորային վիրավորումներ։ Կա մի տուժած տղամարդ եւս, կամրջի պահապանը»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Նա ավելացրել է, որ երեք մարդ հոսպիտալացվել է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։
Նա տեղեկացրել է, որ քաղաքային ենթակառուցվածքի շատ շենքեր եւ բնակելիներ վնասվել են։
Գլադկովը նաեւ տեղեկացրել է, որ զանգվածային տարհանման մասին լուրը կեղծ է։ «Այժմ ցանցում տարածվում է ֆեյք Շեբեկինոյից շտապ բնակիչներին տարհանելու մասին։ Ներկա պահին մարդկանց կոնկրետ որեւէ կետում հավաքելն անհնար է եւ ոչ անվտանգ»,- գրել է նա։
Նահանգապետն ավելացրել է, որ Շեբեկինոյից հեռացող քաղաքացիներին կտրամադրեն օգնություն ժամանակավոր կացարաններում հաստատվելու համար։ «Քաղաքից հեռանալ պատրաստվողներին պատրաստ ենք օգնել եւ տեղավորել ժամանակավոր կացարաններում, օրինակ՝ «Բելգորոդ-Արենայում»։ Ինքնուրույն տեղ հասնել չկարողացողները դիմեն շրջանի վարչություն»,- գրել է Գլադկովը Շեբեկինոյի բնակիչներին։
Վերջին օրերին Շեբեկինոն եւ Շեբեկինոյի քաղաքային օկրուգը ենթարկվում են կենտրոնացված գնդակոծության Ուկրաինայի կողմից։ Տեղեկացվել է երկու զոհված խաղաղ բնակչի եւ մի քանի վիրավորների մասին։





























