Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, նախագահների համատեղ հայտարարությունը,- հաղորդում է «Today’s Zaman»-ը։

«Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ հիշյալ սկզբունքներն իրենցից ներկայացնում են մի համընդհանուր հիմք։ Եվ լիովին բնական են այդ սկզբունքների նկատմամբ կողմերի մոտեցումներում առկա նրբերանգները։ Կարեւորը այդ հարցի վերաբերյալ կառուցողական եւ միասնական կարծիք ունենալն է։ Եթե հաշվի առնենք այն կարևոր նշանակությունը, որ տալիս են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ հարցին, ապա մոտ ժամանակներս նրանք պիտի ավարտեն այդ հիմնարար սկզբունքների շուրջ հանդիպումները եւ խաղաղ ճանապարհով լուծեն այդ հակամարտությունը, որը դարձել է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի ցավը»,- ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) հրապարակել են Մադրիդյան սկզբունքների համալրված տարբերակը, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք բացելու, հետագայում ժողովրդի կամարտահայտման հիման վրա ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու, բոլոր ներքին տեղահանվածներին ու փախստականներին իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքը ապահովելու, անվտանգության միջազգային երաշխիքների, այդ թվում խաղաղության պահպանման գործողության միջոցով, անհրաժեշտության մասին։