Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ պաղեստինյան հարցի լուծման երեք առաջարկ է ներկայացրել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Նախ, պաղեստինյան հարցի հիմնարար լուծումը 1967 թվականի սահմաններում լիակատար ինքնիշխանությամբ անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է, որի մայրաքաղաքն Արեւելյան Երուսաղեմն է»,-հեռուստաալիքը մեջբերել է Չինաստանի առաջնորդի խոսքը: «Առաջին հերթին, Պաղեստինի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Երկրորդ, անհրաժեշտ է ապահովել պաղեստինյան տնտեսության կարիքների եւ ժողովրդի ապրուստի միջոցների բավարարումը, իսկ միջազգային հանրությունը պետք է ավելացնի Պաղեստինին տրամադրվող օգնությունը զարգացման եւ մարդասիրական նպատակներով: Երրորդ, մենք պետք է հավատարիմ մնանք խաղաղ բանակցությունների ճիշտ ուղղությանը»,-ասել է նա։
Ծինփինն ընդգծել է, որ «անհրաժեշտ է հարգել ստատուս քվոն», ինչպես նաեւ «հրաժարվել արմատական եւ սադրիչ խոսքերից»։
Բացի այդ, նրա խոսքով, պետք է նպաստել ավելի մեծ, ավելի հեղինակավոր եւ ազդեցիկ միջազգային խաղաղության համաժողովի հրավիրմանը:
Չինաստանը պատրաստ է դրական դեր խաղալ խաղաղ բանակցությունների առաջխաղացման գործում, հավելել է ՉԺՀ նախագահը:





























