Վարորդներն օդորակիչի մասին պետք է հիշեն անգամ ձմռանը, ինչպես նաեւ ուշադիր լինեն բարդու բմբուլների առաջացման շրջանում։ Սառեցման համակարգի կյանքի երկարացման ի՞նչ միջոցներ կան։ Այս մասին պատմել են փորձագետներ Դմիտրի Սլավնովը եւ Վիկտոր Պակը iReactor-ի հետ զրույցում։
Սկսվել է երկար սպասված ամառն իր շոգ եղանակով եւ երկար ուղեւորություններով, որոնք կատարվում են նաեւ մեքենաներով։ Դժվար է պատկերացնել մեքենայով հարմարավետ ճամփորդություն առանց օդորակչի։
Փորձագետներ Դմիտրի Սլավնովը եւ Վիկտոր Պակը նշել են պարզ կանոնների մասին, որոնց հետեւելու դեպքում երբեք սառեցման համակարգը չի խափանվի։
Սլավնովի խոսքով՝ հաճախ չաշխատող օդորակչի պատճառը չորացած մեմբրանն է։ Պետք է ձմռանը մեկ-երկու անգամ միացնել այն։
«Մեքենայի ամեն մի տարրը պետք է քիչ թե շատ ապրի, անգամ եթե չես օգտագործում այն։ Ձմռանը մեկ-երկու րոպե միացրեք օդորակիչը, եւ այն ամռանը չի դավաճանի»,- ասել է մասնագետը։
Նա ավելացրել է, որ լինում է նաեւ ֆրեոնի արտահոսք։ Այդ դեպքում պետք է լիցքավորել համակարգը գունավոր մարկերով, որը ցույց կտա, թե որտեղից է դուրս գալիս գազը։
Վիկտոր Պակը նշել է շատ ավտոսիրողների թույլ տված սխալի մասին։ Նրանք մոռանում են կամ չգիտեն այն մասին, որ սառեցման համակարգում կա յուղ, նշել է նա։
«Վարում են, քանի մեքենան աշխատում է, ոչ մի տեղ չեն դիմում։ Իսկ օդորակչի կոմպրեսորում կա յուղ, ինչպես եւ շարժիչում։ Շարժիչի յուղը փոխում են, բայց օդորակչինը՝ ոչ։ Դա էլ հանգեցնում է դրա փչանալուն»,- ասել է զրուցակիցը։
Փորձագետն ավելացրել է, որ կարեւոր է հսկել ռադիատորի վիճակը։ Դա հատկապես վերաբերում է քաղաքներին, որտեղ բարդիները շատ են, հետեւաբար եւ դրանց բմբուլը։
«Բմբուլի տարածման ժամանակ ռադիատորը լցվում է։ Պետք է նայել այն եւ մաքրել անհրաժեշտության դեպքում»,- ասել է Պակը։





























