Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում կքննարկեն տնտեսության, մշակույթի եւ գիտության վերաբերյալ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 6-ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Նշենք, որ օդանավակայանում Սարկոզիին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ։
Ֆրանսիայի նախագահը պատվիրակության հետ մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կկայանա նրա եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը։
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը հայ գործընկերոջ հետ կմասնակցեն Շառլ Ազնավուրի տուն թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Նա ներկա կգտնվի նաեւ մեծանուն Օգյուստ Ռոդենի հեղանակած Ժյուլ Բաստյեն-Լեպաժի հուշարձանի բացման արարողությանը, որը Ֆրանսիայի հանրապետության նվերն է Հայաստանի հանրապետությանը։
Ֆրանսիայի նախարարի ուղերձը ուղիղ եթերով կհեռարձակվի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանից։ Նիկոլյա Սարկոզին հոկտեմբերի 7-ին ժամը 10։00-ին Սերժ Սարգսյանի ներկայությամբ կբացի Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված քանդակը։




























