Երեւանում հյուրանոցային եւ զբոսաշրջային ոլորտին վերաբերող ծրագրերը կհետաքրքրեն Քուվեյթի գործարար շրջանակներին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում հայտարարել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ, Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին իր խոսքում նշել է. «Թեեւ սա համագործակցության մեր առաջին քայլն է, բայց ես հույս ունեմ, որ շարունակություն կունենա, քանի որ համագործակցության շատ ասպարեզներ կան»:

Երեւանի քաղաքապետն իր հերթին, նշել է, որ Երեւանն այսօր գրավիչ շուկա է,  որտեղ առկա է բիզնեսի համար ոչ միայն հեռանկարային, այլեւ բավական բարենպաստ եւ բաց  դաշտ:

Հանդիպմանը հյուրերին է ներկայացվել քաղաքապետարանի ներդրումային եւ քաղաքաշինական ծրագրերի փաթեթը:  Էլեկտրոնային շնորհանդեսի տեսքով ներկայացվել են նաեւ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման եւ արդիականացման, «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոնի, «Արտսիթի» արվեստի եւ զբոսաշրջության կենտրոնի, Հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրերը` համապատասխան նախագծերով եւ ֆինանսական գնահատականներով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են  հայտնել առաջիկայում կազմակերպել աշխատանքային քննարկումներ եւ  որոշակիացնել կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: