Հանրապետական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Հայաստան-Մակեդոնյա ֆուտբոլային խաղը դիտելու է մարզադաշտում` իր երեք որդիների հետ միասին:
«Երեք որդիներիս հետ գնալու ենք մարզադաշտ եւ հաղթելու ենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը, հավելելով, որ չորրորդ որդին դեռ փոքր է, իսկ աղջիկներին չի տանում: «Կարեւորը հաղթենք, թե հաշիվը քանիս կլինի չեմ կարա ասեմ, ազիզ ջան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղադրույքներ դնելուն, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես տենց բաներով չեմ զբաղվում, ազիզ ջան»:
Այսօրվա խաղը դիտելու տոմսերը Սամվել Ալեքսանյանը չի գնել, դրանք նրան նվիրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարիցն, թե ինչպե՞ս են պատրաստվում երկրպագել մեր հավաքականին, Ս. Ալեքսանյանը նշեց, որ գնալու են մարզադաշտ սովորական հագուստով, նստելու են ամենալավ տեղերում եւ ամեն գոլ խփելիս գոռալու են եւ տեղից թռնեն: «Ազիզ ջան, թռնելու եմ, բայց չեմ կարա ասեմ` ինչքան եմ թռնելու»,- նշեց նա ու հավելեց.
«Մեկ բան հաստատ է` հաղթանակը հարյուր տոկոսով գնալու ենք նշենք «Փարվանայում»: Էսօր իրիկունը նաղդ խմելու ենք, կարանք ձեզ էլ հրավիրենք»:
Ի դեպ, գործարար պատգամավորը նեղսրտել էր եւ երկար ժամանակ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, ինչը պատճառաբանեց այն հանգամանքով, որ իր մասին վատ-վատ բաներ ենք գրում: «Որ ճիշտը գրեք, միշտ զանգեք, կվերցնենք, բայց որ սուտ-սուտ բաներ եք գրում, ջղայնացնում եք»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «B» խմբում հանդես եկող Հայսատանի հավաքականը այսօր հյուրընկալելու է Մակեդոնիայի հավաքականին: Հայաստան–Մակեդոնիա խաղը կարևոր նշանակություն ունի, Մակեդոնիայի հետ հանդիպումը կլինի նախավերջինը։ Վերջին խաղը մերոնք կանցկացնեն խմբում ամենագլխավոր մրցակցի՝ Իռլանդիայի հետ՝ մրցակցի հարկի տակ:




























