Ճապոնական ահաբեկչական «Աում սինրիկյո» աղանդի հիմնադիր եւ պարագլուխ Սյոկո Ասահարան (իսկական անունը՝ Տիձուո Մացումոտո) կախաղան է հանվել 2018թ. հուլիսին, քանի որ հոգեբույժները նրան մեղսունակ են ճանաչել եւ նշել այն հավանականությունը, որ նա ձեւացնում էր, թե հոգեկան հիվանդ է։ Այս մասին նշվել է պաշտոնական փաստաթղթերում, որոնց ծանոթացել է Asahi Shimbun թերթը։
Բուժզննման նյութերի մի մասը ներկայացվել է դատարան, որտեղ 2021 թվականից քննվում է Ասահարայի հարազատների հայցը։ Նրանք պահանջում են նրա մահապատժի մասին դատավճիռը համարել անօրինական եւ հավաստիացնում են, որ դատապարտյալը անմեղսունակ էր։ Ճապոնիայի օրենսդրության համաձայն՝ դատավճռի ի կատար ածումը նման դեպքում չեղարկվում է արդարադատության նախարարի որոշմամբ։ Աղանդի պարագլխի հարազատները, նշել է թերթը, փորձում են հասնել դրամական փոխհատուցման պետությունից։
«Աում սինրիկյո» աղանդը, որն արգելված է աշխարհի որոշ երկրներում, աշխարհի վերջն էր կանխատեսում եւ բարու եւ չարի այսպես կոչված վերջին մարտ, որի ընթացքում նրա մոլի երկրպագուները պատրաստվում էին ոչնչացնել իրենց թշնամիներին տարբեր սպառազինությունների, այդ թվում թունավոր գազերի օգնությամբ։ Նախատեսվում էր նաեւ Տոկիոյում կառավարական օբյեկտների զավթում եւ պետական հեղաշրջում։ Աղանդավորները մերկացվել են մարդասպանությունների եւ առեւանգումների մեջ։ Նրանց ամենահայտնի արարքը գազային գրոհն էր Տոկիոյի մետրոյում 1995թ. մարտի 20-ին, երբ աղանդավորները նյարդապարալիտիկ զարին էին տարածել Տոկիոյի մետրոյի հինգ կայարաններում։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 13 մարդ, ավելի քան 6,3 հազար մարդ տուժել էր։
2018թ. հուլիսին սպանությունների մեղադրանքներով կախաղան են բարձրացվել աղանդի պարագլուխը եւ նրա 12 մերձավորները։ Ինքը՝ Ասահարան, դատարանում հարցերին չի պատասխանել, անկապ բառեր եւ ձայնարկություններ է արձակել։





























