Ճապոնիայում առնվազն 264 ավիաչվերթ է չեղարկվել երկուշաբթի եւ երեքշաբթի երկրի հարավին «Կանուն» թայֆունի մոտենալու պատճառով, որին Ճապոնիայում տրվել է 6 հերթական համարը, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Թայֆունը շարժվում է ճապոնական ամենահարավային Օկինավա նահանգի կղզիների եւ Կագոսիմա նահանգի հարավարեւելյան Ամամի արշիպելագի ուղղությամբ։ Այն կղզիներին կհասնի երեքշաբթի եւ չորեքշաբթի։

Թայֆունի մոտենալու առնչությամբ JAL (Japan Airlines Corporation) ավիաընկերությունը չեղարկել է 67 ավիաչվերթ երկուշաբթի օրվա թռիչքների եւ վայրէջքների համար Օկինավայում եւ Կագոսիմայում։ ANA (All Nippon Airways) ավիաըկերությունը հայտարարել է 73 չվերթի չեղարկման մասին երկուշաբթի եւ եւս 124-ի մասին՝ երեքշաբթի։

Սպասվում է, որ չեղարկված ավիաչվերթների թիվը օրվա ընթացքում կավելանա։

Ներկայում «Կանուն» թայֆունը գնահատվում է որպես ուժեղ, ճնշումը կենտրոնում կազմում է 960 հեկտոպասկալ, քամու արագությունը՝ վայրկյանում 40 մետր, պոռթկման պահին՝ 55։ Ճապոնիայի օդերեւութաբանական գոծակալության կանխատեսումներով՝  երկուշաբթի երեկոյան այն կվերածվի մեծ ուժի թայֆունի՝ 945 հեկտոպասկալ ճնշմամբ, քամու արագությունը՝ վայրկյանում 45 մետր, պոռթկումների ժամանակ՝ 60 մետր։