Բնական աղետների վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարվել Պեկինի 12 շրջաններում, շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով, մայրաքաղաքի արեւմտյան մասում կատարվել է բնակչության մասնակի տարհանում։
«Սպասվում է, որ այսօր որոշ շրջաններում՝ Ֆանշանում, Մենտուգոուում, Յանցինում, Չանպինում եւ այլ շրջաններում, դեռեւս կշարունակվեն ուժեղ անձրեւները։ Քաղաքի 12 շրջաններում կգործի հեղեղումների մասին առավելագույն մակարդակի նախազգուշացման կարմիր ռեժիմը»,- նշվել է տեղեկագրում։
Իշխանությունները դիմել են բնակչությանը՝ տներից դուրս չգալու խնդրանքով, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։ Ձեռնարկություններին եւ հաստատություններին, բացի նրանցից, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը, խորհուրդ է տրվել անձնակազմի աշխատանքի հնարավորությունն ապահովել ըստ բնակության վայրի։ Այս մասին տեղեկացրել է «Մեյժի ցզինցզի բաո» թերթը։
Տեղի հեռուստաալիքները ցուցադրում են բուռն հոսքերի կադրեր, որոնք քշում են ավտոբուսներ եւ մեքենաներ Մենտոուգոու շրջանում։ «Հայտնի չէ՝ կա՞ն արդյոք դրանցում մարդիկ»,- տեղեկացրել է հաղորդավարը։ Առայժմ հայտնի է միայն երկու զոհի մասին Պեկինի այդ հատվածում։
Երկուշաբթի ժամանակավորապես կանգնեցվել էր Պեկինի նոր օդանավակայանի աշխատանքը Դասին շրջանում, որտեղ, մասնավորապես, գալիս են չվերթները Ռուսաստանից։ Դադարեցվել է նաեւ Պեկինի Սիչժան կայարանի գնացքների մի մասի երթեւեկությունը։





























