Հունաստանի իշխանությունները նախատեսում են խստացնել հրկիզումների համար պատիժը՝ տուգանքը ներկայիս մակարդակի համեմատ մեծացնելով 10 անգամ, հայտնում է PA Media-ն։
Որոշումն ընդունվել է խոշոր անտառային հրդեհների շարքից հետո, որն արդեն ավելի մեծ վնաս է հասցրել, քան 2022 թվականի ընդհանուր տարեկան ցուցանիշն է:
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը նշել է, որ միջոցառումների մանրամասները կհայտարարվեն հաջորդ ամիս, միաժամանակ ավելացրել է, որ միտումնավոր հրկիզումների կամ անփույթ վարքի համար տուգանքները կհամապատասխանեն երկու տարի առաջ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանված տուգանքներին:
Սա ենթադրում է մինչև 50 հազար եվրո տուգանք և մինչև 10 տարվա ազատազրկում։
Փոփոխությունները, ըստ նրա, կներառեն դպրոցական ծրագրեր և տեղական նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն անտառային հրդեհների կանխարգելման իրազեկվածության բարձրացմանը:
Անցյալ ամիս Հունաստանը պայքարեց 10 խոշոր անտառային հրդեհների դեմ, ներառյալ Աթենքից դուրս և Հռոդոս կղզում բռնկված հրդեհները՝ տապի հերթագայող երեք ժամանակահատվածների ընթացքում:
Ըստ European Wildfire Information System-ի՝ Եվրոպական միության գործակալության տվյալների, որը հետևում է անտառային հրդեհների պատճառած վնասներին արբանյակային տվյալների միջոցով, այս տարի այրվել է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր հող, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է 2022 թվականի տարեկան ցուցանիշը։





























