Երեք տարի առաջ աշխարհում գրանցվել էր տկարամտությամբ տառապող 55 միլիոն մարդ, որոնց թիվը տարեկան ավելանում է մոտ 10 միլիոնով։ Ցավոք սրտի, արդեն սկսված հիվանդության դեղորայքային բուժումն անարդյունավետ է՝ այն շարունակում է առաջադիմել։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս Ավստրալիայի Մոնաշի համալսարանի (MU) ուսումնասիրությունների արդյունքները, վտանգավոր ծերունական հիվանդությունը կարող է «հետ մղվել» բավականին պարզ ամենօրյա գործունեությամբ և ակտիվ ապրելակերպով: Գլխավորը չծուլանալն է։
Հետազոտության առաջին տարում ուսումնասիրվողներին խնդրել էին հարցաշարի միջոցով նկարագրել մտավոր գործունեությունը խթանող այն տեսակը, որը նրանք նախընտրում էին:
Այսպիսով, հարցման շնորհիվ հայտնի է դարձել, որ մասնակիցներից շատերն ակտիվորեն օգտվում են համակարգչից, խաչբառեր լուծում, շախմատ և թղթախաղ խաղում, փայտի փորագրություն անում, հյուսում, կարդում, նկարում, երաժշտություն լսում և այլն: Ուսումնասիրությունները հաշվի են առել հետազոտվողների տարիքը, սեռը, էթնիկ պատկանելիությունը, ռասան, կրթությունը, սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև վատ սովորությունները, առողջական վիճակը և քրոնիկական հիվանդությունների առկայությունը:
Գիտնականները պարզել են, որ սովորելը, համակարգչից օգտվելը, նամակներ գրելը և օրագրեր պահելը նվազեցնում է դեմենցիայի ռիսկը 11%-ով, խաչբառեր, գլուխկոտրուկներ լուծելը՝ 9%-ով, ստեղծագործական հոբբիները և պասիվ մտավոր ակտիվությունը 7%-ով։
Հետազոտության արդյունքները գործունեության տեսակների գործնական ուղեցույցներ են առաջարկում, որոնք օգնում են տարեց մարդկանց իրենց ուղեղը առողջ պահել, իսկ տարեցների խնամքի մասնագետներին՝ մոտեցում մշակել դեմենցիայի ռիսկը նվազեցնելու համար։





























