ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է Նիգերի կառավարությանը ցուցաբերվող օտարերկրյա օգնության որոշ ծրագրեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենի խոսքով՝ այս ժամանակավոր միջոցը չի վերաբերում Նիգերում ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերին։

«Ամենագլխավորն այն է, որ կենսականորեն կարեւոր հումանիտար եւ պարենային օգնության տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, մենք շարունակում ենք ԱՄՆ կառավարության գործունեությունը Նիգերում այնտեղ, որտեղ դա նպատակահարմար է, ներառյալ դիվանագիտական գործողությունները եւ անվտանգության ապահովման գործողությունները՝ ամերիկյան անձնակազմի պաշտպանության համար։

Ինչպես մենք պարզ հասկացրել ենք,  այդ իրավիճակի ամենասկզբից, ամերիկյան օգնության տրամադրումը Նիգերի կառավարությանը կախված է դեմոկրատական կառավարումից եւ սահմանադրական կարգին հետեւելուց։ Դա համապատասխանում է այն քայլերին, որոնք նախաձեռնել են Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցությունը եւ Աֆրիկյան միությունը։ ԱՄՆ կառավարությունը կշարունակի վերանայել իր արտաքին օգնությունը եւ համագործակցությունը՝ ելնելով տեղերում իրավիճակի զարգացումից։ Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել Նիգերի ժողովրդին, որպեսզի օգնենք նրան պահպանել այդքան դժվար ձեռք բերած դեմոկրատիան, եւ նորից կոչ ենք անում անհապաղ վերականգնել Նիգերի դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությունը»,- նշվել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։