Միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ  հայտարարել է, որ իր X (Twitter) մեդիա ընկերությունը դրամական իրավաբանական օգնություն կտրամադրի այն օգտատերերին, որոնք հարթակում հրապարակումների պատճառով իրենց ղեկավարների կողմից ճնշման են ենթարկվում:

Օգտատերերը, այդ թվում՝ շատ հայտնի  և հանրային հետաքրքրություն ներկայացնող  անձինք, երբեմն հայտնվել են իրենց գործատուների հետ բարդ իրավիճակի մեջ՝ հարթակում հրապարակած, հավանած կամ ռեթվիթ արած վիճելի թեմաների պատճառով:

«Եթե ձեր գործատուն անարդարացիորեն է վերաբերվել ձեզ այս հարթակում ինչ-որ բան տեղադրելու կամ հավանելու պատճառով, մենք կվճարենք ձեր իրավաբանական հաշիվը», - գրել է նա իր միկրոբլոգում։ - Ոչ մի սահմանափակում: Խնդրում ենք տեղեկացնել մեզ»:

Միաժամանակ Մասկը ոչ մի մանրամասն չի հայտնել, թե ինչպես կարող են օգտատերերը ստանալ իրենց գումարները։

Այն բանից հետո, երբ անցած հոկտեմբերին մագնատը գնել էր սոցիալական մեդիա հարթակը 44 միլիարդ դոլարով, նրա գովազդային բիզնեսը փլուզվել էր՝ մասամբ ատելության խոսքը արգելափակելու ավելի մեղմ մոտեցման և նախկինում արգելված ծայրահեղ աջ օգտահաշիվների վերադարձի պատճառով:

Մասկը բազմիցս նշել է ազատ խոսքի ձգտումը որպես իր փոփոխությունների շարժառիթ  և քննադատել   այն, ինչ  համարել է  ազատ արտահայտման սպառնալիք: