Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը հանձնարարել է Արտաքին գործերի և Աշխատանքի նախարարությանը պարզեցված մուտք ապահովել օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մասնագիտությունը պահանջված է երկրում։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում, փոխանցում է Интерфакс-ը։
«Աշխատանքի նախարարությունն արտաքին գործերի նախարարության հետ միասին պետք է հեշտացված մուտք ապահովի օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ունեն երկրում պահանջարկ ունեցող մասնագիտություններ կամ արտերկրում հաջողված բիզնես նախագծեր՝ իրենց ներուժը հետագայում Ղազախստանում իրացնելու համար»,- ասել է նա։
Սմաիլովը հանձնարարել է նաև ապահովել հեռանկարային օտարերկրյա գործարարներին երկիր ներգրավելուն ուղղված նախագծերի արդյունավետ իրականացումը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետներին պետք է ներգրավել Ղազախստան, որտեղ այդպիսի մասնագետներ չկան, որպեսզի ապագայում նրանք կարողանան տեղական աշխատակիցներ պատրաստել։
«Թվային զարգացման նախարարությունը պետք է ընդլայնի իր աշխատանքը՝ երկիր ներգրավելու լավագույն ՏՏ մասնագետներին»,- հավելել է վարչապետը։



























