Անցյալ շաբաթ Կատալոնիայի իշխանությունները ջրի օգտագործման նոր սահմանափակումներ են մտցրել 22 գյուղերում, որոնք գտնվում են Ֆրանսիայի հետ Իսպանիայի սահմանի հարեւանությամբ ջրամբարի շրջակայքում, քանի որ ջրատարը, որը սնուցում է դրանք, նույնպես դատարկվում է, հայտնում է Reuters-ը:
2023 թվականի առաջին չորս ամիսներին Իսպանիան գրանցել է տարվա ամենաչոր սկիզբը 1960-ականների առաջին տարիներից ի վեր, որից ամենաշատը տուժել են Կատալոնիան և Անդալուսիան հարավային Իսպանիայում:
Իսպանիայում և ամբողջ Եվրոպայում այս ամառ գրանցված մի քանի ջերմային ալիքներ թեժացրել են երաշտը` իջեցնելով ջրի մակարդակը ջրամբարներում, քանի որ գոլորշիացումը և ջրի սպառումը մեծանում են, հայտնում է իսպանական AEMET օդերևութաբանական գործակալության խոսնակ Ռուբեն դել Կամպոն:
Կատալոնիայի հարավում գտնվող 22 գյուղ և ևս երկու գյուղ, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 25,000 մարդ, ջրի հարցում արտակարգ դրության մեջ են:
Սա նշանակում է, որ նրանք պետք է ջրի սպառումը նվազեցնեն օրական միջինը 200 լիտրի՝ մեկ բնակչի հաշվով՝ նախկին 230 լիտրի համեմատ։ Իշխանությունները դեռ չեն սահմանափակում մարդկանց ջրի սպառումը, սակայն գյուղատնտեսական նպատակներով ոռոգումը հիմնականում կարգելվի, իսկ արդյունաբերական և ռեկրեացիոն նպատակներով ջրի օգտագործումը պետք է կրճատվի 25%-ով։
900 բնակչություն ունեցող Ագուլանա գյուղը ամիսներ շարունակ ջրի սպառումը պահել է 200 լիտրից ցածր, սակայն գյուղապետն ասել է, որ հետագայում էլ քայլեր կձեռնարկվեն:
«Մենք կվերացնենք այգիների, ֆուտբոլի դաշտի ոռոգումը, լողավազանի հարեւանությամբ խոտածածկը, որը, ինչպես կտեսնենք, կդառնա դեղին, կարծես այրված»,- ասել է Խոսեպ Յովելը։ Փողոցները մաքրելու համար ջուր չի օգտագործվի, միայն քիմմաքրում, հավելել է նա։



























