Բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո նվազում է սմարթֆոնների եւ այլ գաջեթների մարտկոցների տարողությունը, որպես հետեւանք՝ կրճատվում է դրանց ծառայության ժամկետը։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի կիբեռանվտանգության եւ թվային տեխնոլոգիաների ինստիտուտի «Տեղեկատվական անվտանգության ինտելեկտուալ համակարգերը» ամբիոնի վարիչ Շամիլ Մագոմեդովը։
«Եթե ձեր գաջեթը արդեն տաքացել է (օրինակ՝ ավտոմեքենայում, լողափին), ապա մինչ լիցքավորման դնելն անհրաժեշտ է այն պահել սենյակային ջերմաստիճանում, մի փոքր սառեցնել։ Խոսքը բնական սառեցման մասին է, այլ ոչ թե սարքը սառնարանը դնելու։ Եվ միայն դրանից հետո միացնել սնուցման լարը»,- ասել է փորձագետը։
Շոգին արժե նաեւ հրաժարվել լիցքավորման անլար սարքերից. դրանք ըստ էության ավելի շատ են տաքացնում սարքերը։ Այնպես որ, եթե ջերմաստիճանը սենյակում, որտեղ լիցքավորման է դրված սմարթֆոնը, 27-ից բարձր է, ավելի լավ է օգտվել սովորական լարից։
«Գաջեթների համար վտանգ են ներկայացնում նաեւ արեւի ուղիղ ճառագայթները. բարձր ջերմաստիճանը եւ չափից շատ տաքանալը կարող են վնասել OLED-էկրանը եւ անգամ ամբողջ կորպուսը։ 60 աստիճանի դեպքում բավական է մեկ-երկու րոպեն, որպեսզի անդառնալիորեն վնասեն սմարթֆոնի էկրանը։ Իսկ նման ջերմաստիճանը միանգամայն հնարավոր է, եթե դուք, օրինակ, պատահաբար սմարթֆոնը թողնեք ավտոմեքենայի սարքերի պանելի վրա»,- նշել է Մագոմեդովը։
Շատ խիտ պատյաններից՝ սիլիկոնից կամ ամուր կտորից, շոգին նույնպես արժե հրաժարվել, որպեսզի չխախտվի օդի նորմալ փոխանակումը եւ բնական սառեցումը, խորհուրդ է տվել մասնագետը։





























