Երկու բնակարան եւ առանձնատուն, որոնք պատկանել են Ուզբեկստանի առաջին նախագահի դստերը՝ Գուլնարա Քարիմովային, բռնագանձել են Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Անշարժ գույքի արժեքը ավելի քան 25 մլն դոլար է, տեղեկացրել է Podrobno.uz-ը։

Հատկապես խոշոր չափի խարդախության դեմ պայքարի բյուրոն (Serious Fraud Office, SFO) հայտարարել է, որ բռնագանձել է էլիտար անշարժ գույքի երեք օբյեկտ Մեծ Բրիտանիայում, որոնք պատկանում են Գուլնարա Քարիմովային։

Բրիտանացի իրավապահների տվյալներով՝ այդ անշարժ գույքը Գուլնարա Քարիմովան եւ նրա ընտանիքը ձեռք են բերել Ուզբեկստանում կոռուպցիոն գործունեության եկամուտներով։

SFO-ն նաեւ հավաստիացրել է, որ Քարիմովան հարյուր միլիոնավոր դոլարներ է ստացել որպես կաշառք հեռահաղորդակցային ընկերություններից 2004-2012թթ.՝ ուզբեկական շուկայի հասանելիության հարցում օգնելու դիմաց։

Ուզբեկստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Գուլնարա Քարիմովայի ակտիվներն արտասահմանում գնահատվում են ավելի քան 1 մլրդ դոլար։ Նա 30 հաշիվներ ունի նաեւ շվեյցարական 7 բանկերում եւ 8 սեյֆ Lombard Odier բանկում։

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունն անցած տարի տեղեկացրել էր, որ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Լատվիայի հետ Քարիմովայի ավելի քան 1,3 մլրդ դոլարի ակտիվները վերադարձնելու մասին։ Ուզբեկական կողմը հայտարարել է, որ գումարը վերադարձնելու համար ստեղծվելու է ՄԱԿ բազմակողմ թրաստային ֆոնդ։

Գուլնարա Քարիմովան կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է 2014թ., երբ նրա հայրը դեռ նախագահի պաշտոնում էր։

2015թ. դատարանը Քարիմովային դատապարտեկլ է հինգ տարվա ազատազրկման։ 2017թ. նա դատապարտվել է նաեւ 10 տարվա ազատազրկման երկրորդ քրեական գործով։ Սակայն հետագայում դատարանը որոշել է բանտարկությունը փոխարինել տնային կալանքով՝ առանց ինտերնետից եւ կապի այլ մջոցներից օգտվելու իրավունքի։

2020թ. մարտին Տաշքենդի քաղաքային քրեական դատարանը նոր գործի շրջանակում Քարիմովային դատապարտել է 13 տարի 4 ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել դավադրության, դրամաշորթության, միջոցների վատնման եւ թալանի, փողերի լվացման եւ այլ հանցագործություններում։