Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Շվեյցարիայում հայտնաբերված բրոնզեդարյան նետի ծայրակալը պատրաստված է եղել երկնաքարից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science ամսագրում:

Բնական պատմության ինստիտուտի գիտնականների խմբի ուսումնասիրության համաձայն, 39 միլիմետր երկարությամբ  ծայրակալը, որ  թվագրվում է մ.թ․ա․ 900-800 թվականների միջև ընկած ժամանակահատվածով, հայտնաբերվել է Շվեյցարիայում 19-րդ դարի պեղումների ժամանակ։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ գրեթե 3000 տարվա հնություն ունեցող արտեֆակտը ստեղծվել է Էստոնիայում ընկած երկնաքարի երկաթից։ Սա ցույց է տալիս, որ երկնաքարային երկաթով Եվրոպայում առևտուր է իրականացվել մ.թ.ա. 800 թվականին կամ ավելի վաղ, ասում են հետազոտողները՝ հավելելով, թե որքան տարօրինակ է, որ  երկնաքարային երկաթն օգտագործվել է պատմության վաղ շրջանում:

«Երկնաքարային երկաթի վաղ օգտագործման նման վկայությունները  չափազանց հազվադեպ են»,- նշում են գիտնականները։

Այդ ժամանակներում  մարդիկ դեռ չէին սկսել օքսիդային հանքաքարերից երկաթ հալեցնել, սակայն, ըստ հետազոտության, մետաղական երկաթի մի մասը կարելի էր գտնել երկնաքարի անկման վայրերում։ 

Թեև երկնաքարային երկաթով պատրաստված առարկաներ են հայտնաբերվել ներկայիս Թուրքիայում, Հունաստանում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Ռուսաստանում և Չինաստանում, նախկինում նմանատիպ արտեֆակտներ հայտնաբերվել են Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի միայն երկու վայրում՝ երկուսն էլ Լեհաստանում: