Ճապոնիայի իշխանությունները կիրակի նախազգուշացրել են երկրի մեծ մասի բնակիչներին հզոր, դանդաղ շարժվող «Լան» թայֆունին պատրաստվելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է AFP-ն:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի «Լան» թայֆունը հարվածելու է Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզուն՝ բերելով հորդառատ անձրևներ  և քամու ուժեղ պոռթկումներ:

Որոշ շրջաններում 24 ժամվա ընթացքում մինչև երեքշաբթի  տեղական ժամանակով առավոտյան 06․00-ը  մինչև 50 սանտիմետր տեղումներ կարող են լինել, որոնց կհետևեն ավելի շատ տեղումներ, քանի որ թայֆունը կտարածվի ամբողջ երկրում:

«Թայֆունի ցածր արագությունը կարող է նշանակել, որ դրա ազդեցությունը կարող է երկարտև լինել», - ասել է գործակալության գլխավոր կանխատեսող Շուիչի Տաչիհարան:

«Լան» թայֆունը մոտենում է Ճապոնիային, երբ երկրում սկսվում է  ավանդական «օբոն» տոնական շաբաթը, երբ միլիոնավոր ընտանիքներ վերադառնում են իրենց հայրենի քաղաքները ամենամյա միջոցառումներին մասնակցելու  համար:

Ազգային հեռուստաընկերությունները կոչ են արել բնակիչներին մտածել իրենց ճանապարհորդական ծրագրերի փոփոխության մասին՝ թայֆունից խուսափելու համար:

Ավիաընկերությունները և երկաթուղային օպերատորները նախազգուշացրել են թռիչքների հնարավոր չեղարկման և ուշացումների մասին: