Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, նշելով, թե այդ փաստաթղթում նշված կետերն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին…

Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում…

Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները…

Սպասենք…»,- գրել է նա եւ հրապարակել փաստաթուղթը:

Նախագիծ

Ադրբեջանի ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների ապահովման բազային սկզբունքները եւ պարամետրերը՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան

  1. Հավասարություն օրենքի առջեւ եւ հավասար իրավական պաշտպանություն։ Խտրականության բացառում էթնիկական, լեզվական կամ կրոնական եւ այլ հատկանիշներով։
  2. Իր կոմպակտ բնակության վայրերից հայ բնակչության բռնի, ոչ ինքնակամ վերաբնակեցման անթույլատրելիություն։
  3. Հայ բնակչության ներկայացուցիչների հետապնդման, պատժի եւ իրավունքների որեւէ սահմանափակման օրենսդրական արգելք՝ իշխանության տեղական մարմիններում եւ զինված կազմավորումներում նրանց մասնակցության պատրվակով, բացառելով այն անձանց, որոնք դատական կարգով մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների կատարման մեջ։
  4. Ադրբեջանի Հանրապետության օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանության հանրապետական, շրջանային եւ տեղական կառույցներում, ներառյալ ոստիկանության եւ դատախազության մարմիններում, հայ բնակչության համամասնական ներկայացվածություն։
  5. Մասնակցություն հանրապետական, շրջանային եւ տեղական մակարդակով հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը եւ ընդունմանը։
  6. Հայերենի ազատ օգտագործումը ադրբեջաներենի կողքին պետական հաստատություններում, այդ թվում պաշտոնական գրագրություն վարելիս եւ գործավարությունում, ինչպես նաեւ հայ բնակչության հետ կոմպակտ բնակության հանրային վայրերում, ներառյալ ճանապարհային նշանների, ցուցանակների եւ հայտարարությունների տեղադրումը հայերենով։
  7. Հայ բնակչության մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, ներառյալ անշարժ գույքը եւ հողամասերը։
  8. Հասարակական կազմակերպությունների ստեղծումը եւ դրանց անխոչընդոտ գործառնության ապահովումը։
  9. Պայմանների ապահովում, որոնք անհրաժեշտ են հայ բնակչության կողմից իր կրոնն ազատ դավանելու եւ կրոնական հաստատությունների եւ կազմակերպությունների գործառնության համար։ Դրանց սեփականության անձեռնմխելիություն։
  10. Հայկական մշակույթի եւ ազգային ինքնության, ներառյալ պատմամշակութային ժառանգության պահպանում եւ հայերեն զանգվածային լրատվական միջոցների զարգացում։
  11. Հայերենով նախադպրոցական, տարրական, միջնակարգ եւ բարձրագույն կրթության հնարավորություն պետական եւ մասնավոր ուսումնական հաստատություններում։
  12. Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ առանձին համաձայնագրի հիման վրա սերտ մշակութային, կրթական, գիտական, լրատվական, մարզական եւ այլ հումանիտար շփումների ապահովում Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում եւ Հայաստանի Հանրապետությունում հայ բնակչության միջեւ։
  13. Հայ բնակչության կողմից ազատ եւ խաղաղ շփումների հաստատում եւ պահպանում սահմանի միջոցով՝ այն անձանց հետ, որոնք օրինական հիմքով գտնվում են այլ պետությունների տարածքում, մասնավորապես՝ այն անձանց հետ, որոնց հետ նրանք ընդհանուր էթնիկական, մշակութային, լեզվական եւ կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն ունեն։

14. Հայ բնակչության կողմից դրսից տնտեսական եւ հումանիտար օգնության անխոչընդոտ ստացում։

367054960_2410113935836081_3247189236682720772_n.jpg (40 KB)

367974389_2410113929169415_919847416485687575_n.jpg (35 KB)