ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ «առանց նախապայմանների», քննարկելու համար Կորեական թերակղզու միջուկազերծման հարցը, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Նրանք դրական պատասխան չեն տվել այս առաջարկին, բայց առաջակը դեռ ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք նստել եւ բանակցել՝ առանց նախապայմանների»,- ասել է Քիրբին Kyodo News-ի հարցազրույցում։

Նա այս հայտարարությունն արել է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ղեկավարների հետ Բայդենի եռակողմ գագաթաժողովից մեկ օր առաջ։

Ի տարբերություն իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի, որը երեք անգամ անձամբ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ, Բայդենի վարչակազմը մինչ այդ փորձել է առաջընթացի հասնել միջուկազերծման գործում բազմաթիվ խողովակներով՝ պաշտոնական անձանց մասնակցությամբ, բայց ոչ բարձրագույն մակարդակով։