Ուրբաթ Գանայի մայրաքաղաք Աքրայում արեւմտաաֆրիկյան երկրների բանակների ղեկավարների բանակցությունների երկրորդ եւ վերջին օրն է, քննարկվում են Նիգեր հնարավոր ռազմական ինտերվենցիայի մանրամասները, եթե դիվանագիտությունը չկարողանա կանգենցնել ռազմական հեղաշրջումը, նշել է Reuters-ը։
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են լոգիստիկան եւ հնարավոր ներխուժման այլ հարցեր։
«Ուժի կիրառումը մնում է վերջին միջոցը, բայց եթե մնացած ամեն ինչը չհաջողվի, Արեւմտյան Աֆրիկայի ուժերը պատրաստ են պատասխանել կոչին»,- հինգաշբթի հայտարարել է ECOWAS-ի քաղաքական, խաղաղության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել-Ֆաթաու Մուսան։
Նրա խոսքով՝ դաշինքի 15 անդամ երկրների մեծ մասը պատրաստ է մասնակցել պահեստային ուժերում, բացի նրանցից, որտեղ զինվորականներն են կառավարում՝ Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Գվինեայում եւ Կաբո Վերդեում։
Ցանկացած թեժացում կհանգեցնի հետագա ապակայունացման Սահելում, որտեղ արդեն ընթանում է պայքար իսլամիստ ապստամբների հետ, գրել է Reuters-ը։
Զինվորականները Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին իշխանազրկել են հուլիսի 26-ին եւ չեն արձագանքում ՄԱԿ, ECOWAS դաշինքի եւ այլ կազմակերպությունների՝ նրան պաշտոնում վերականգնելու կոչերին, ինչը դրդել է տարածաշրջանային տերություններին պահեստային ուժեր ստեղծելու հրաման տալ։





























