Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսով քննարկել է Չաբահար նավահանգստի զարգացման հարցը, տեղեկացրել է Mehr-ը։

Հնդկաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հնդկաստանի միջեւ երկկողմ եւ երկարաժակետ համագործակցության գործընթացից եւ Չաբահար նավահանգիստը համարել է տարածաշրջանի զարգացման տրանսպորտային հանգույց։ Նա ընդգծել է Հնդկաստանի պատրաստակամությունը Չաբահարի նախագիծն ավարտին հասցնելու գործում։

Իրանի նախագահն իր հերթին կարեւորել է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, հատկապես տարանցման, էներգետիկայի եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում եւ կոչ է արել ընդլայնել համագործակցությունը, այդ թվում Հյուսիս-Հարավ միջանցքում։

Նարենդրա Մոդին դատապարտել է Շահ-Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ ցավակցություն հայտնել Իրանի ժողովրդին եւ կառավարությանը, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքներին։

Ռայիսին ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ամրապնդել տարածաշրջանային ինտեգրացիան եւ զարգացնել տնտեսական հարաբերությունները, ուստի ձգտում է փոխգործակցել ամբողջ աշխարհի, հատկապես Ասիայի երկրների հետ»։

Ռայիսին նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքակրթական եւ պատմական նմանությունը լավ հիմք է ստեղծում Թեհրանի եւ Նյու Դելիի համագործակցության զարգացման համար։