ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը ուրբաթ ուշ երեկոյան հանգստանալու են մեկնել Նեւադա, տեղեկացրել է The Associated Press-ը։

Նրանք մասնավոր տուն են վարձել Տախո լճում, որը սահմանակցում է Կալիֆոռնիային եւ Նեւադային եւ զբոսաշրջության վայր է, հատկապես ձմռանը, շնորհիվ լեռնադահուկային կուրորտների։

ԱՄՆ նախագահն այստեղ է ժամանել Քեմփ Դեւիդից, որտեղ ուրբաթ գագաթաժողով է անցկացրել Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների հետ։

Գլենբրուք համայնքի տունը պատկանում է Թոմ Սթայերին եւ Քեթ Թեյլորին։ Սթայերը ներդրող է, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ակտիվիստ եւ դոնոր դեմոկրատական կուսակցությունից։ Նա նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 2020թ.։

Բայդենները տունը վարձել են շուկայական արժեքով, տեղեկացրել են Սպիտակ տանը, եւ այստեղ կմնան մոտ մեկ շաբաթ։

Բայդենները միայն մեկ օր՝ երկուշաբթի, կընդհատեն իրենց արձակուրդը, որպեսզի այցելեն Մաուի, որտեղ անտառային հրդեհը Լահայնա պատմական քաղաքում առնվազն 114 մարդու կյանք է խլել։ Նրանք կհանդիպեն ողջ մնացածների, շտապ արձագանքման ծառայությունների աշխատակիցների եւ տեղի պաշտոնյաների հետ վնասը գնահատելու ժամանակ։

Բայդենն արդեն հանգստացել է այս ամիս Դելավերի նահանգի իր Ռեհոբոթ Բիչի տանը, որտեղ հեծանիվ է քշել, այցելել լողափեր եւ առաջին տիկնոջ հետ դիտել «Օպենհեյմեր» բլոկբաստերը։