Հունգարիան համաձայնագիր է ստորագրել մարտական անօդաչուներ արտադրելու մասին իսրայելական եւ գերմանական ընկերությունների հետ համագործակցությամբ, ուրբաթ հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Հունգարիայի հարավ-արեւմուտքում մարտական մեքենաների գործարանի բացման արարողության ժամանակ նա ասել է, որ անօդաչուները կարտադրվեն իսրայելական պաշտպանական տեխնոլոգիաների uVision եւ գերմանական գործընկերոջ հետ համագործակցությամբ։
«Եթե լսեի երկրի մասին, որն արտադրում է ռազմական տեխնիկա գերմանացիների եւ իսրայելցիների հետ, երկու անգամ կմտածեի՝ նրանց հետ կապվելուց առաջ, եւ սա լավ նորություն է յուրաքանչյուր հունգարացու համար»,- ասել է Օրբանը։
Մարտական մեքենաների գործարանը, որն ուրբաթ բացվել է Զալաեէգերսեգում, որի բաժնեթղթերի 49 տոկոսը պատկանում է Հունգարիայի կառավարությանը, բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթը գերմանական Rheinmetall ռազմատեխնիկական ընկերությանն է։
Օրբանը նաեւ հայտարարել է, որ շուտով Կենտրոնական Հունգարիայում կսկսվեն Rheinmetall-ի մեկ այլ ներդրումային ձեռնարկության աշխատանքները, որը, Օրբանի խոսքով, կդառնա «ամենաարդիական գործարաններից մեկը Եվրոպայում զինամթերքների արտադրության գծով»։
Նա նաեւ նշել է Հունգարիայում անցած տարի բացված Airbus գործարանի մասին, որն արտադրում է ժամանակակից մարտական ուղղաթիռների պահեստամասեր, 2021թ. հունգարական մի ընկերություն ձեռք է բերել չեխական Aero Vodochody-ն, որն արտադրում է ռազմական եւ ուսումնամարզական ինքնաթիռներ։
Օրբանը հայտարարել է, որ «խաղաղության համար պետք է ուժ ունենալ»։
«Մենք չենք հրաժարվում անկախ հունգարական պաշտպանական արդյունաբերություն ստեղծելուց»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «պատերազմն Ուկրաինայում միայն ամրապնդել է մեր վճռականությունը»։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան, որպես ՆԱՏՕ անդամ, այս տարի կհասնի դաշինքի ակնկալիքներին, որոնց համաձայն՝ անդամ երկրները պաշտպանության նպատակներով ծախսելու են իրենց ՀՆԱ 2 տոկոսից ոչ պակաս։




























