Ֆրանսիայի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Քատրին Կոլոնան եւ Վան Ին հեռախոսով ուրբաթ քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Նիգերում եւ Արցախում, տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, նախարարը հիշեցրել է, որ Չինաստանը պետք է կարեւոր դեր խաղա, որպեսզի համոզի Ռուսաստանին դադարեցնել ագրեսիվ պատերազմը եւ հետեւել միջազգային իրավունքին։ Նախարարը նաեւ ընդգծել է ռուսական ագրեսիայի հետեւանքների վերացման ջանքերը շարունակելու կարեւորությունը, մասնավորապես՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։ Նիգերի իրավիճակի վերաբերյալ նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է պետական հեղաշրջման փորձը եւ նախագահ Բազումի ու նրա ընտանիքի առեւանգումը եւ աջակցում է նախագահ Բազումի շուրջ սահմանադրական կարգի վերականգնման ECOWAS-ի բոլոր ջանքերին։
Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում որեւէ մանրամասն չկա Արցախում հումանիտար ճգնաժամի քննարկման մասին։




























