Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի երեկոյան Աթենքում ընթրիքի է հրավիրել արեւմտաբալկանյան երկրների ղեկավարներին եւ Եվրամիության պաշտոնական անձանց։ Ընթրիքի ժամանակ ոչ պաշտոնական բանավեճ է լինելու ԵՄ ընդլայնման եւ տարածաշրջանի եվրոպական ապագայի մասին, տեղեկացրել է Kathimerini-ն՝ հղում կատարելով Հունաստանի վարչապետի գրասենյակին։
Միջոցառմանը ներկա են գտնվելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչեսկին, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ Բորյանա Կրիստոն։ Ալբանիայի եւ Սլովենիայի ղեկավարները հայտարարել են, որ չեն կարող ներկա գտնվել։
Ոչ պաշտոնական ընթրիքին կմասնակցեն նաեւ տարածաշրջանի ԵՄ անդամ երկրների ղեկավարները՝ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը եւ Ռումինիայի վարչապետ Իոն-Մարսել Չոլակուն։
ԵՄ-ն կներկայացնեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ընթրիքը կկայանա Մաքսիմոսի առանձնատանը ժամը 20.15-ին։




























